Home / Canadahye  / Apple ընկերության մենեջեր Թերեզա Թորամանյանը, ով իր երեխայի համար երջանիկ մանկություն պարգևող Հայաստանի փոխարեն նախընտրել է հնարավորությունների երկիր Ամերիկան

Apple ընկերության մենեջեր Թերեզա Թորամանյանը, ով իր երեխայի համար երջանիկ մանկություն պարգևող Հայաստանի փոխարեն նախընտրել է հնարավորությունների երկիր Ամերիկան

 

Լոս Անջելես (Նորանոր) _ Թերեզա Թորամանյանը 13 տարեկան էր, երբ ընտանիքն արտագաղթեց ԱՄՆ: «Այն ժամանակ Հայաստանում վիճակն այնքան էլ լավ չէր, որոշեցինք, որ ապագան ավելի պայծառ կլինի այստեղ»,-պատմում է Թերեզան:

 

16 տարի ապրելով Միացյալ Նահանգներում՝ հայուհին մասնագիտություն է ստացել, ունեցել ձեռքբերումներ, այսօր նա աշխատում է Apple խանութում՝ որպես մենեջեր, միաժամանակ՝ անշարժ գույքի վաճառքով:

 

Բալիկիս բերել Հայաստան, և նա տեսնի՝ ով է ինքը, որտեղից է ինքը, ինչպիսին է Հայաստանը

 

«Իմ քույրս ավելի շատ պահպանել կապը Հայաստանի հետ, քան ես, ոչ թե այն պատճառով, որ չեմ սիրում կամ չեմ ցանկանում, իմ հաջորդ պլանս բալիկիս բերել Հայաստան, և նա տեսնի՝ ով է ինքը, որտեղից է ինքը, ինչպիսին է Հայաստանը: Շատ քիչ բարեկամներ ունենք այնտեղ, և երբ որ կտրվում է կապը, ես չզգացի՝ ինչպես եղավ, այո՛, ընտելանում ես, ժամանակի սղության պատճառով մոռանում ես: Բայց կապը ինչ առումով կա. Ես այստեղ ակտիվ եմ մասնակցում, երբ Հայաստան ինչ-որ օգնություն է գալիս»,-պատմում է հայուհին:

 

ԱՊՐԻԼԻ 24-Ի ՄԱՍԻՆ

Օգնություն ասելով՝ Թերեզան ոչ միայն ֆինանսական աջակցությունը նկատի ունի: Մի դեպք է հիշում, որը վկայում է, որ ինքը որպես հայ՝ պարտավորված է զգում: Պատմում է.

 

Ասացի՝ գուցե այսօր չեմ քայլում հազարավոր մարդկանց հետ, բայց ամբողջ օրը խոսեցի Ապրիլի 24-ի մասին

 

«Ապրիլի 24-ն էր, ու շատերը չէին աշխատում, բայց իմ խանութը բաց էր, և ես չէի կարող բացակայել, երբ որ գնացի աշխատանքի, ինձ ասացին՝ դու ի՞նչ հայ, եթե Ապրիլի 24-ին չես քայլում, ասացի՝ գուցե այսօր չեմ քայլում հազարավոր մարդկանց հետ, բայց գնացի խանութ, որտեղ ունենք 150 աշխատող, որոնց 99 տոկոսը հայ չի, ու ամբողջ օրը խոսեցի Ապրիլի 24-ի մասին, բացատրեցի՝ ինչ օր է սա և թե ինչքան կարևոր է դա մեր ազգի համար, եթե 150 հոգու կարողացա այսօրվա կարևորությունը բացատրեմ, ուրեմն օրս իզուր չվատնեցի, եթե ես ֆիզիկապես որոշ տեղերում չեմ կարողացել լինել, հոգեպես կարողացել եմ մասնակցել»,-հավատացնում է նա:

 

Իսկ անշարժ գույքի շուկայում աշխատելուն մղել է իր իսկ բնակարանի ձեռք բերման ընթացքում ստացած փորձը: Բնակարան գնելը համարում է ցանկացած մարդու կյանքում կարևոր փուլ, ասում է. «Եթե պետք է մարդ տունը վաճառի ու տեղափոխվի, կամ կորուստ է ունեցել, կամ բաժանվել են, կամ տեղափոխվում են, կամ երեխա է ծնվում, դա այնքան կարևոր քայլ է, որ մեկը պետք է քեզ օգնի», իսկ իրեն օգնողներին Թերեզան չէր վստահում:

 

Ես իմ տունը գնելու ընթացքում չէի վստահում,  ես այնքան կասկածների մեջ էի

 

Շուտով որոշեց անձամբ զբաղվել դրանով ու իր աշխատանքում առաջնորդվել ոչ թե շահադիտական մղումներով, այլ սրտացավությամբ: «Ես հասկացա, թե ինչքան կարևոր է կողքին ունենալ մարդ, որն իրոք այնտեղ է քեզ օգնելու համար, ոչ թե մտածի, թե որքան գումար է վաստակելու: Ես իմ տունը գնելու ընթացքում չէի վստահում,  ես այնքան կասկածների մեջ էի, և ես հասկացա, որ սովորելու եմ ու անելու եմ այնպես, որ հաճախորդը ի վերջո զգա, որ ինչ-որ արվում է, իր համար է արվում»,-վստահեցնում է նա:

 

ՀԱՅՐԻԿԻՍ ԸՆԿԵՐՈՋ ՕՐԻՆԱԿՈՎ

Այն գործունեությունը, որում լուրջ հաջողությունների է հասել, երբևէ չի պատկերացնի, որ կարող է տեղափոխել Հայաստան: Տպավորությունները բացասական են, անվստահություն են ներշնչում, բացատրում է, թե ինչու.

 

Իմ փոքր շրջապատով նույնիսկ ես գիտեմ, դու կարող ես լինել շատ լավը, բայց ցավոք Հայաստանում էդ լավը չգնահատվի

 

«Պատճառ կա, թե ինչու են մարդիկ դուրս գալիս Հայաստանից ու փնտրում ապագան ուրիշ տեղերում: Իմ հայրը մի ընկեր ուներ, որի հաջողությամբ մենք միշտ զարմացած էինք, որով հպարտանում էինք, բայց այսօր նա այնպես է փոխվել, որ ես շոկի մեջ եմ, զարմացած եմ, թե ինչպես այդպիսի մարդը, որն ամեն ինչ արեց, ջանք ներդրեց, այնքան քիչ ունի այսօր: Իմ փոքր շրջապատով նույնիսկ ես գիտեմ, դու կարող ես լինել շատ լավը, բայց ցավոք Հայաստանում էդ լավը չգնահատվի»:

 

ԵՐՋԱՆԻԿ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ

Խոսում է այն Հայաստանի մասին, որտեղ ինքը երջանիկ մանկություն է ունեցել, թեև որոշ վերապահումներով: «Ես գիտեմ, որ այն մանկությունը, որ ունեցել ենք Հայաստանում, դրա շնորհիվ է, որ ես տարբերվում եմ այստեղ, և ցավում եմ, որ իմ մանուկն այդ մանկությունը չի ունենա, և բացառվում է, որ այստեղ դու քո բալիկին ասես՝ գնա բակ խաղա, հետո տուն արի, որովհետև այնքան վտանագավոր ու տգեղ բաներ կան»,-նշում է ամերիկաբնակ մենեջերը:

 

Չեմ պատկերացնում, որ ամեն ինչ կարող եմ վերցնել ու գալ մանուկիս այստեղ մեծացնել

 

Այս հակասական իրավիճակների մեջ ընտրություն պետք է կատարել, Թերեզայի ընտրությունն ամեն դեպքում կանգ է առել ԱՄՆ-ի վրա, որտեղ կկորցնես այդ մանկությունը, բայց կգտնես ապագայի լայն հնարավորությունները: «Չեմ պատկերացնում, որ ամեն ինչ կարող եմ վերցնել ու գալ մանուկիս այստեղ մեծացնել, որովհետև կարևոր է նաև, որ ֆինանսապես ևս երեխայիդ կարողանաս շատ բաներ տալ: Ես հիշում եմ՝ Հայաստանում ինչքան քիչ ունեինք մենք: Իհարկե, ուրախ մանկություն ենք ունեցել, բայց ինչքան քիչ ունեինք, և ես չեմ ուզում իմ երեխան քիչ ունենա»:

 

Հաջողությունները, որոնց հասել է Թերեզան հայրենիքից դուրս ապրած տարիներին, համարում է երկու հանգամանքի արդյունք. Առաջին հերթին՝ ծնողների հոգատարության, երկրորդ՝ իր բնավորության, որ ձգտել է առավելագույնին: Այսքանից հետո, ասում է, շատ մեծ երազանքներ չունի. «Իմ երազանքներն այնքան քիչ են, այսքան աշխատում եմ ու վաստակում, շատերը մտածում են՝ մեծ պլաններ ունեմ, բայց ոչ, ես շատ քչով կարող եմ ուրախ լինել, կյանքը շատ եմ սիրում, իմ ընտանիքին, իմ բալիկին եմ սիրում, իմ երազանքն ունենալ տասով ավելի բալիկ, ունենալ լավ ընտանիք ու վայելել կյանքը, շատ հասարակ ու նորմալ երազանք է, բայց դրանից ավելի ի՞նչ է պետք»: