Home / Canadahye  / Բազմամշակութային Տորոնտոյի «Հայկական խոհանոց» ռեստորանի արաբական ուտեսները, լիբանանցի սեփականատերն ու սիրիահայ աշխատակցուհին

Բազմամշակութային Տորոնտոյի «Հայկական խոհանոց» ռեստորանի արաբական ուտեսները, լիբանանցի սեփականատերն ու սիրիահայ աշխատակցուհին

Տորոնտո (Նորանոր) _ Տորոնտոյի կենտրոնում «Հայկական խոհանոց» (Armenian Kitchen Restaurant) անվանումով սննդի կետի հանդիպելը  բոլորովին էլ զարմանալի չի թվում, եթե հաշվի առնենք հայերի մեծ թիվն ու ակտիվությունը Կանադայում: Զարմանալին այստեղ բոլորովին այլ բան է. Մտնում ես ,,Armenian kitchen’’, բայց քեզ չեն մատուցում ոչ հայկական լավաշ ու խորոված, ոչ հայկական գինի ու կոնյակ, այստեղ քեզ առաջարկում են հումուս, թաբուլե ու միջինարևելյան այլ սննդատեսակներ:

 

ԱՆՈՒՆԸ՝ ՀԱՅԿԱԿԱՆ, ՍՆՈՒՆԴԸ՝ ԱՐԱԲԱԿԱՆ

«Ժողովուրդը գիտե, որ անունը հայկական անուն է, բայց մեջի կերակուրները արաբական կերակուրներ են»,-պատմում է միակ հայ կամ ավելի հստակ՝ սիրիահայ աշխատակիցը՝ Մարինա Գյուլեսերյանը:

 

Արդեն երեք տարի է՝ լիբանանցի գործարարն է Armenian Kitchen Restaurant-ը գնել ու հայկական կերակուրները փոխարինել արաբականով, սակայն նույն կերպ վարվել ռեստորանի անվան ու արտաքին տեսքի հետ հետ չի ցանկանում. Այն կա ու միշտ ունենալու է Armenian Kitchen անվանումը, իսկ պատերից չեն հեռացնելու հայոց այբուբենը: Հենց սրանում է ռեստորանի հաջողության գաղտնիքը:

 

Անունը տեսնելով է, որ կու գան, կօգտվին

 

«Հայկական անուն կա ու միշտ էդպես պիտի մնա, կսիրեն լիբանանցի սեփականատերերը հայերին, ամեն ինչ լավ է, անունը տեսնելով է, որ կու գան, կօգտվին»,-պատմում է սիրիահայ կինը:

 

ԵՐԵՔ ՏԱՐԻ ԿԱՆԱԴԱՅՈՒՄ

Իրեն՝ Մարինային էլ այստեղ է առաջնորդել նույն այդ անվանումը: Երբ երեք տարի առաջ տեղափոխվեցին Կանադա, աշխատանք չուներ: Այստեղ շրջելիս տեսավ ու հետաքրքրվեց: Պատմում է.

 

Armenian Kitchen գրված էր, ըսինք՝ մտնենք մեկ հատ հարցնենք, և բախտ եղավ աշխատելու

 

«Armenian Kitchen գրված էր, ըսինք՝ մտնենք մեկ հատ հարցնենք, և բախտ եղավ աշխատելու, երեք տարի եղավ հոս կաշխատինք»,-պատմում է կինը:

 

Սիրիական պատերազմից հետո Լիբանան տեղափոխվեցին, մեկ տարի անց եկան Կանադա, հիմա արդեն կայուն աշխատանք ունեն, երեխաներն ուսանում են: Վարձով են բնակվում, բայց դա էլ դժգոհելու պատճառ չէ:

 

«Ամեն մարդ չեն կրնա տուն առնել, դժվար է, բայց կըլլա, ժամանակ կուզե, ամեն ինչը ժամանակ կուզե»,-ասում է կինը:

 

ԿՈՇԿԱԿԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՃԱՇԱՐԱՆ

Դժվար էր նաև նոր միջավայրին հարմարվելը, հատկապես, երբ Սիրիայում կորցրել էին տարիների ձեռք բերածը:

 

Մենք կոշիկի մասնագետ էինք, բայց չկրցանք կոշկակարության մեջ մտնել

 

«Կոշիկի խանութներ ունեինք, ամենը գնաց, կռիվին մեջ կորսվեցավ: Հիմա հոս ենք, ճաշարան կաշխատինք: Քիչ մը հոստեղ դժվար է, քանի չես կրնա աշխատիս: Մենք կոշիկի մասնագետ էինք, բայց չկրցանք կոշկակարության մեջ մտնել, ուրիշ գործ պիտի ընես, նոր լեզու է, նոր երկիր է, նոր միջավայր է»,-ներկայացնում է տորոնտոբնակ սիրիահայը:

 

Իսկ Հայաստան տեղափոխվելու մասին չէին մտածում, «Այդպես ստացվեց», ասում է: Մինչ Կանադա մեկնելը փոքր-ինչ անգլերենին տիրապետում էին, ավելի ամրապնդեցին: Հիմա Մարինան կարողանում է լավ շփվել բոլոր հաճախորդների հետ, ասում է՝ «Հայ ալ կու գա, արաբ ալ, կանադացի ալ»:

 

Բրավո, որ արաբ ըլլալով ՝ հայկական անունը պահել է և չէ փոխած

 

Եւ սա միայն համեղ խոհանոցի ու բարեհամբույր մոտեցան արդյունք չէ, այլև ռեստորանի գրավիչ անվան ու այդ հարցում նոր սեփականատիրոջ նրբանկատ մոտեցման: Հետևաբար Մարինան հիացմունքով է կրկնում. «Բրավո, որ արաբ ըլլալով ՝ հայկական անունը պահել է և չէ փոխած»: