Home / Armenia  / Պոլսահայ քաղաքագետ Արտա Չինարը, ում թուրքական իշխանությունը մերժել է պետական պաշտոն տալ, բայց չի դադարում մտածել ապագայում Թուրքիայի Մեջլիս մտնելու մասին

Պոլսահայ քաղաքագետ Արտա Չինարը, ում թուրքական իշխանությունը մերժել է պետական պաշտոն տալ, բայց չի դադարում մտածել ապագայում Թուրքիայի Մեջլիս մտնելու մասին

 

Ստամբուլ (Նորանոր) _ 20 տարի առաջ, երբ Պոլսում ծնված ու հայկական վարժարանում ուսանած  Արտա Չինարն ավարտեց Ստամբուլի համալսարանը՝ քաղաքագետի որակավորմամբ, ձգտում էր մասնագիտությամբ աշխատել: Համայնքային կյանքում ակտիվությամբ աչքի ընկնող երիտասարդին սրտամոտ էր թվում պետական համակարգում աշխատանքը, սակայն չհաջողեց: Պատճառը ակնհայտ էր:

 

«Քաղաքագիտություն ավարտած եմ, բայց որ հայ եմ, ինձ կայմակամ (մարզպետ-կուսակալ) չըրին, չընդունեցին»,-պատմում է Արտա Չինարը:

ՀԱՅ ԼԻՆԵԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ

43-ամյա Չինարի ծնողները՝ ծնունդով Սեբաստիայից, 1958թ-ին տեղափոխվել են Ստամբուլ, որտեղ ծնվել են զավակները, հաճախել հայկական վարժարան, ուսանել հայերեն ու հնարավորինս պահպանել հայկականությունը: Սա կյանքի տարբեր փուլերում տարբեր խոչընդոտների պատճառ դարձավ, բայց չստիպեց հրաժարվել ինքնությունից: Քաղաքականության փոխարեն Արտա Չինարն այսօր աշխատում է Սուրբ Փրկիչ ազգային հիվանդանոցի անցագրային բաժնում: Նաև հայ եկեղեցու թաղային խորհրդի անդամ է:

 

Այս երկրում ամեն հայ գիտե, որ մեզ ամենեն փոքր պաշտոնյա անգամ չեն ըներ պետության մեջ

 

«Ներքին գործերու նախարարություն դիմած եմ կայմակամ լինելու համար: Բացեիբաց երեսուս չեն ըսած, որ պատճառը հայ լինելս է, սակայն այս երկրում ամեն հայ գիտե, որ մեզ ամենեն փոքր պաշտոնյա անգամ չեն ըներ պետության մեջ, ուր է որ կայմակամ ընեն»,-ասում է ստամբուլահայը:

 

Ոչ թե պաշտոնյա, այլ հայ ժողովրդի պատգամավոր Կարո Փայլյանի գործունեությունը օրինակելի է, հետևաբար սա մասնագիտությամբ  քաղաքագետին հույս է ներշնչում, որ կարող է ուժերը փորձել այդ ուղղությամբ, ասում է.

 

Եթե ապագային հարմար ըլլա, կուզեմ խորհրդարան մտնել

 

«Շատ ճիշտ է Կարոյին ըրածը: Ատիկա պետական պաշտոն չէ, բայց կարևոր է: Հիմա ես կաշխատիմ համայնքեն ներս, բայց եթե ապագային հարմար ըլլա, կուզեմ խորհրդարան մտնել»:

 

ԽԱՌՆԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹՎԻ ԱՃ

Ձգտումը կարևոր է, բայց ոչ այնքան, որ պարտադրված լինի հրաժարվել հայի ինքնությունից, հպարտությամբ է խոսում Պոլսում գործող 34 գործող եկեղեցիների, 16 հայկական վարժարաների մասին, որտեղ շուրջ 3000 հայ աշակերտ է հաճախում:

 

Կարևոր հարց մըն է խառնամուսնությունները, այլազգիներու հետ ամուսնությունների թիվը բարձրացված է

 

«Դժբախտաբար նահանջ մը կա մայրենի լեզվին մեջ, սակայն կջանանք ընտանիքեն սկսյալ հայերեն դաստիարակել մեր երեխաներին:  Ինքնություն պահպանելու առջև կարևոր հարց մըն է խառնամուսնությունները, այլազգիներու հետ ամուսնությունների թիվը բարձրացված է, երիտասարդները հեռու կմնան մեր եկեղեցիներեն: Կջանանք անոնք ձևով մը մեջտեղ բերել, միասնություն հաստատել, որ չկորսվին»,-պատմում է ազգային հիվանդանոցի աշխատակիցը:

 

Դյուրին չէ Թուրքիայում հայ լինելը, «Հանգիստ չես կրնար խոսիլ Ցեղասպանության մասին», բայց ոչ ոք չի կարող արգելել հետևել Հայաստանի զարգացումներին, առիթ ունեցել է այցելել Ցեղասպանության 100-րդ տարելիցին:

 

Կուզեմ հայրենիքը հարստանա, տնտեսական զարգացում ըլլա

 

«Մեզ համար հայրենիքն է Հայաստանը, կհետևիմ քաղաքական կյանքը Հայաստանի, կուզեմ հայրենիքը հարստանա, տնտեսական զարգացում ըլլա: Մեր գալիք սերունդները թող.մտածեն հայրենիք հաստատվելու մասին»,-ասում է պոլսահայը:

 

ՀԱՅԱՍՏԱՆՑԻՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

Իսկ այսօր ցավ է ապրում, երբ հայաստանցիներն են ստիպված Թուրքիայում աշխատել, նրանց թիվը քիչ չէ, ասում է հազարներով քաղաքացիներ են տեղափոխվում Թուրքիայում աշխատելու:

 

«Հայը ամեն տեղ և միշտ ճարպիկ է, իր օրապահիկը կապահովե, կնիկները հիվանդ, ծեր կամ երեխաներուն կնային»,-պատմում է հայ եկեղեցու թաղային խորհրդի անդամը:

 

«Թուրքը թուրք է», սոխին անուշը չըլլար

 

Թուրք քաղաքացիները լավ են վերաբերում հայերին, բարյացակամ են, չհաշված որոշ պատշոնյաների վերաբերմունքը, ասում է Արտա Չինարը՝ նշելով. «Լավ աշխատող եղածնին համար պրոբլեմ չկա ազգությամբ, միայն երբեմն ազգայնապաշտ թուրք քաղաքական գործիչներ որոշ բաներ կըսեն,  ամեն բանե վերջ խոսք մը ունինք, չէ՞, «թուրքը թուրք է», սոխին անուշը չըլլար»,-համեմատում է թրքահայ գործիչը:

 

Որպեսզի հայաստանցիներն այլևս թուրքի ձեռքին չնայեն, հարկավոր է, որ Հայաստանը տնտեսապես զարգանա, իսկ դրա պայմաններից է նաև տնտեսական շրջափակման վերացումը: Ի՞նչ կտա դա համայնքին,  և արդյո՞ք քաղաքագետը կողմ է դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, եթե չլինի Թուրքիայի նախապայմանը, Չինարը նշում է.

 

Հայաստան զարգանա, որ հազարներով հոս դրամի համար ապրող հայաստանցին ետ վերադառնա

 

«Թուրքիա նախապայման կդնէ Արցախի հարցը, հետևաբար մոտ ապագային դժվար է տահմաններու բացումը: Իսկ եթե բացվի, առևտուրը ավելի դյուրին կլինի, իսկ մեզ շատ բան չի տա: Մենք արդեն համայնք ըլլալով՝ միշտ հարաբերություններու մեջ ենք հայրենիքով, Հայաստան զարգանա, որ հազարներով հոս դրամի համար ապրող հայաստանցին ետ վերադառնա»,-երազում է քաղաքագետը: