Home / Canadahye  / Մոնրեալաբնակ Աննա Բոշյանը, ով յուրացրել է կանադական բիզնեսի գաղտնիքներն ու որոշել իրացնել հայկական հայտնի ընկերության քաղցրավենիքը

Մոնրեալաբնակ Աննա Բոշյանը, ով յուրացրել է կանադական բիզնեսի գաղտնիքներն ու որոշել իրացնել հայկական հայտնի ընկերության քաղցրավենիքը

 

Մոնրեալ (Նորանոր)Երբ Աննա Բոշյանը 2014թ-ին ընտանիքի հետ տեղափոխվեց Կանադա, որոշեց մասնագիտությամբ աշխատել: Հայաստանում թարգմանիչ էր և գործավարուհի, հասկացավ, որ Կանադայում թարգմանչությունը մրցունակ աշխատանք չէ, հետևաբար ընտրեց գործավարուհու աշխատանքը: 

 

ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Բայց պարզվեց՝ գործավարությունից գործարարություն ընդամենը մեկ քայլ է: Շուտով նա ձեռնամուխ եղավ Հայաստանից քաղցրավենիքի արտահանման ու Կանադայում իրացման գործին: Ինչպե՞ս, պատմում է մոնրեալաբնակ հայուհին.

 

Հասկացա, որ այս երկրում կարելի է վաճառել ցանկացած բան ցանկացած գնով, ուղղակի ճիշտ մարկետինգ է պետք անել

 

«Ադապտացվելու համար գործավարի աշխատանքից սկսեցի, աշխատելով տարբեր ընկերություններում՝ սկսեցի ընկալել, թե Կանադայում ու Մոնրեալում ինչպես է առևտուրն իրականացվում, ինչպես են ապրանքները առաջ խաղացնում, ինչ մեթոդներ են կիրառում, ինչ հսկայական են առևտրի ծավալները, ինչը ընդհանրապես մոտ չէ Հայաստանի առևտրի մոդելին, հասկացա, որ այս երկրում կարելի է վաճառել ցանկացած բան ցանկացած գնով, ուղղակի ճիշտ մարկետինգ է պետք անել, ամեն տեսակի ապրանքի գնորդ կա ամեն գնով: Այսինքն, հարցը նրանում է, թե որտեղ ես վաճառում»:

 

Սա առաջինն էր, որ նպաստեց բիզնես ստեղծելու գաղափարի իրագործմանը: Հաջորդը Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունն էր, որ նրան դրդեց հստակ գործողությունների:

 

Որպես սկիզբ ենք սա անում, բայց մտադիր ենք ընդլայնել ու քիչ-քիչ մնացած ապրանքներն էլ բերել

 

«Մտածեցինք, որ մաքսայինի հետ ավելի հեշտ կլինի աշխատելը, այսինքն, խոչընդոտներ չեն լինի, ու բերել ապրանքատեսակ, որը կարող է այստեղ հետաքրքրություն առաջացնել ու  շատ բարդ չլինի արտահանել, որովհետեւ շատ հայեր հետաքրքրված են Գրանդ քենդիի ապրանքով, բայց չրով ապրանքներով են հետաքրքրված, իսկ  չիրը նաեւ չորացրած միրգ է, օրենքները մի քիչ այլ են, կարող են ավելի խիստ լինել: Հետևաբար մտածեցինք Հայաստանում պոպուլյար, ավելի արագ հետաքրքրություն վայելող ապրանքից սկսել: Որպես սկիզբ ենք սա անում, բայց մտադիր ենք ընդլայնել ու քիչ-քիչ մնացած ապրանքներն էլ բերել, նաև մյուս արտադրողներից»,-պատմում է գործարար կինը:

 

ՕՐԵՆՔԻ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ

Երկար ժամանակ չէ, ինչ իրականացնում է բիզնեսը: Անցյալ տարվանից է սկսել ու երկու անգամ է տեղափոխել քաղցրավենիքը, խնդիրներ չեն եղել մաքսային ծառայության հետ, համապատասխան բոլոր պայմանավորվածությունները ձեռք է բերել:

 

Կազմակերպված,  ճիշտ ժամկետներում սահմանված ընթացակարգով ներկրեցի

 

«Ամեն ինչ եղավ օրենքի սահմաններում է, ինքս հանդիպեցի անվտանգության հարցերով վարչության պետի հետ, որ արտահանման թույլտովություն է տալիս, ու շատ կազմակերպված,  ճիշտ ժամկետներում սահմանված ընթացակարգով ներկրեցի: Դժվար մասը օդանավերի հետ էր կապված, որովհետեւ տեղի խնդիր կա: Ապրանքը գնում է բեռնատար օդանավերով, բայց մեր ծավալը մեծ չի համարվում, դրա համար գնում  է որպես ուղեբեռ, ու տեղի ու օրվա հարմարեցնելու հարց կա, պետք է մի քանի օր սպասես, հասկանաս, թե որ երկրով է գալու, մանավանդ որ Կանադայի հետ ուղիղ օդային ճանապարհ չկա»,-պատմում է կինը:

 

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ

Աննա Բոշյանը հպարտությամբ է խոսում ձեռքբերումների մասին, նոր շուկա է գրավում, արդեն նաև պատրաստվում է ցուցահանդեսի մասնակցել: Ներկայացնում է.

 

«Մայիսին Չիկագո քաղաքում կայանալու է քաղցրավենիքի ու չիփսերի էքսպո, ցուցահանդես, խորտիկների ցուցադրություն է լինելու ու մենք հայկական ապրանատեսակը ևս ներկա է լինելու, որ տեսնենք՝ ինչպես կարող ենք ավելի ծավալվենք կանադական շուկայում»:

 

Իսկ շուկան մեծ է, անսահմանափակ, բազմազգ, հետևաբար միայն հայերը չեն, որ պետք է հայրենիքի կարոտից դրդված՝ գնեն ապրանքը, թեև սկզբնական շրջանում հենց հայերն են եղել հիմնական գնորդները: Պատմում է. «Հայերն էին ամենաշատը հետաքրքրված, բայց Կանադայում ապրող ցանկացած մարդ ասում է, որ ցանկացած հարցում եթե կենտրոնանաս միայն հայ շուկայի վրա, 100 տոկոս հաջողություն չես ունենալու, որովհետեւ մի քաղաքում, որտեղ 5 մլն մարդ է ապրում, սխալ է կենտրոնոնալ 40 հզր մարդու վրա, պետք է ավելի լայն նայել շուկային, ու փորձել ավելի ճանաչելի դարձնել բոլոր ազգերի շրջանում»:

 

Փաստը որ ես հայ եմ, դեր խաղում է առաջընթացի համար

 

Ռուսներ, հույներ, պարսիկներ… Բազմազգ Կանադայում շատերն են հետաքրքրվում հայկական արտադրանքով,  հիմնականում նախկին Խորհրդային միության երկրների ներկայացուցիչները, բայց հայերին բոլորն են լավ ընդունում, հետևաբար Աննան վստահորեն ասում է. «Միանշանակ կարող եմ ասել, որ փաստը որ ես հայ եմ, դեր խաղում է առաջընթացի համար, միգրանտները, որոնք գալիս են, Միջին Ասիայից, արաբախոս, ոչ արաբախոս, երբ իմանում են, որ հայ ես, հայերը երեւի իրենց համբավն ունեն, միշտ ավելի դյուրին է դառնում գործը, ընդառաջ են գնում»:

 

ՇՈՒԿԱՆԵՐԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ

Աննա Բոշյանը համեմատում է Հայաստանի շուկայի, երկու երկրներում բիզնես ծավալելու հնարավորություններն ու եղանակները, վստահություն հայտնում, որ Կանադայում առաջընթացին ոչ միայն ճիշտ մարկետինգն է օգնում, այլև իրացման մեծ շուկան:

 

«Վստահ շուկայի խնդիր էլ կա Հայաստանում, ուղղակի Հայաստանում այլ կերպ է ամեն ինչ աշխատում, Հայաստանում գովազդի մոդելն այլ է: Օրինակ Հայաստանում ամեն քայլափոխին գովազդող պաստառներն էին, ինչո՞ւ, որովհետեւ աշխատում է: Կանադայում շատ քիչ է աշխատում, որովհետեւ մարդիկ պաստառներին չեն նայում, եւ անընդմեջ առեւտուր են անում օնլայն, ամեն ինչի, այն ամենի, ինչ մեր մտքով չի էլ անցնի, որ կարելի է օնլայն առնել, արտաքին գովազդի միջոցով կամ բրոշյուրների միջոցով»,-պատմում է նա:

 

Ինչ վերաբերում է բնակչության կենսամակարդակին ու այդ պայմաններում բիզնես ծավալելու հնարավորություններին, մոնրեալաբնակ կինը Հայաստանի համար ամենացավալի համեմատություններից մեկն է անում.

 

Հայաստանում կա աղքատ խավ, հարուստ խավ ու գրեթե նոր ձևավորվող միջին խավ, իսկ Կանադայում կա շատ քիչ աղքատ խավ, շատ լայն միջին խավ ու շատ փոքր հարուստ խավ

 

«Հայաստանում կա աղքատ խավ, հարուստ խավ ու գրեթե նոր ձևավորվող միջին խավ, ու մարդկանց թիվը քիչ է երկրի, իսկ Կանադայում կա շատ քիչ աղքատ խավ, շատ լայն միջին խավ ու շատ փոքր հարուստ խավ, ու այդ հարուստ խավը գրեթե ամեն ինչ կարա իրեն թույլ տալ, նամանավանդ այստեղ մարդիկ աշխատավարձից աշխատավարձ չեն ապրում, եթե ուզում են մի բան առնել, առնում են, չեն սպասում աշխատավարձին չեն զգում գումարի սահմանափակում, երկրի ապրելակերպերի տարբերություն կա»: