Home / Canadahye  / Մուսալեռցիները արդյո՞ք փրկվեցին. Մի թերթիկի կենդանի ու մի ժողովրդի կորսված պատմություն. Կանադաբնակ Մարի Ջամբազյանը երազում է ֆիլմի մասին

Մուսալեռցիները արդյո՞ք փրկվեցին. Մի թերթիկի կենդանի ու մի ժողովրդի կորսված պատմություն. Կանադաբնակ Մարի Ջամբազյանը երազում է ֆիլմի մասին

Մոնրեալ (Նորանոր)Մարի Ջամբազյանը սրբորեն է պահպանում Մուսա լեռան հերոսամարտի ժամանակ փրկված տատից իրենց փոխանցված թերթիկը, ասեղնագործ իրերը, տակդիրն ու իլիկը. Սրանցից յուրաքանչյուրն ավելին է, քան իրը. Դրանք պատմություններ են ամենահերոսական ժողովրդի անցած պատմությունից, որոնք առավել հիշատակվում են, երբ մոտենում է Ապրիլի 24-ը:

 

Հերթական՝ 104-րդ տարելիցին տիկինը կնայի իրերին, կշոշափի դրանք, կհիշի վաղամեռիկ մայրիկի ջերմ հուշերն ու պատմությունները, ով Ցեղասպանության ժամանակ 2 տարեկան է եղել, իսկ հետո, երբ արդեն շնորհիվ ֆրանսիական հացանավի դուրս են եկել Եգիպտոսի Պորտ Սայիդ նավահանգիստ, այստեղ հիմնել Պորտ Սայիդի գաղթավայրն ու ապրել 4 տարի, հնարավորություն է ստեղծվել աշխատելու, ապրելու ու վաստակելու: Այս ամենի մասին մուսալեռցի կինը պատմում է Noranor.ca-ին:

 

4 ՏԱՐԻ ԱՆՑ ՎԵՐԱԴԱՐՁ ՄՈՒՍԱ ԼԵՌ

Մարի Ջամբազյանը Ցեղասպանությունը վերապրած Մուսա լեռան՝ Բիթիաս գյուղից Շամիրամի թոռնուհին է: Փրկվելով թուրքական սրից՝ նրա ընտանիքը 4 տարի ապրում է Պորտ Սաիդում, ապա վերադառնում Մուսա լեռ, որտեղ ևս 20 տարի են ապրում, բայց երբ Ֆրանսիան՝ համաձայն պայմանագրի, հետ է քաշվում, մուսալեռցիները կրկին մենակ են մնում թուրքերի հետ և որոշում են արտգաղթել: Հաստատվում են Լիբանանում՝ Այնճարում:

 

1946թ-ն է գալիս, ու մեծ հայրենադարձության ղողանջներն են հնչում Հայաստանից, ծնողներս՝ երկուսն էլ մուսալեռցի,  ներգաղթում են Հայաստան

 

«1946թ-ն է գալիս, ու մեծ հայրենադարձության ղողանջներն են հնչում Հայաստանից, ծնողներս՝ երկուսն էլ մուսալեռցի,  1946թ-ից ներգաղթում են Հայաստան, այդ ժամանակ տատիկս մահացած է լինում, մայրս իր մոր հիշատակները, ինչ որ սովորել է, ամեն ապրանքները հետը տանում է Հայաստան: Սովի տարիներ էին, նոր դուրս եկած Երկրորդ համաշխարհային պատերազմից, լծվեցին հայրենիքի շինության գործին,իրենց բանուգործով, ունեցան 6 զավակ, 4 տղա, երկու աղջիկ, երկու եղբայրս Հայաստան են, մյուս եղբայրներս ու քույրս Ամերիկա, ես էլ Կանադա»,-պատմում է Մարի Ջամբազյանը:

 

ՆՄՈՒՇՆԵՐԻ ԹԵՐԹԻԿԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Ահա այն ճանապարհը, որով անցել է: Շատ ավելի խոսուն են այն իրերը, որոնք նա պահում է իր տանը՝ որպես թանակագին հուշ իր ինքնության, իր բարբառի, որն այսօր արդեն մոռացվում է, իր ծնողների  ապրումների: Դրանց մասին խոսում այնքան կենդանի, որ կարծես անձամբ է մասնակցել իրադարձություններին, այնինչ դրանք պատառիկներ են իր մայրիկի և հարևանների խոսքուզրույցից: Պատմում է մուսալեռցիների հայտնի պատմությունը.

 

«4200 հոգով հասան, այնտեղ այս Պորտ Սայիդի գաղթավայրը, վրանաքաղաք հիմնեցին, որի կառավարման գործերով զբաղվում էին անգլիական իշխանության ուղարկած զինվորական ուժերը: Սկսվեցին կազմակերպչական գործեր, մարդիկ էին եկել, պետք էր կերակրել, հագցնել, ցնցոտիների մեջ էին այդ քան ժամանակ՝ հյուծված, հիվանդ: Պետք էր աշխատանքները կազմակերպել, հիմնեցին հիվանդանոց, դպրոց, տկարացածների խոհանոց, որբանոց, ու այս ամենի հետ միասին բացեցին գործատեղեր»:

 

Դրանք կանանց համար ասեղնագործության, ձեռագործության հաստատություններ էին, տղամարդկանց համար՝ կոշկակարության, սանրագործության և այլ արհեստանոցներ: Իր տատն էլ դրանց մաս է կազմում:

 

«Ինչ որ կարում էին, գնում էր Պորտ Սայիդ քաղաք վաճառքի: Պատվիրատուները գալիս էին, դրամ էին ստանում, որի մի մասը տրվում էր որպես աշխատավարձ, որոշ մասը՝ գաղթավայրի կարիքների համար:  Պետք էր բժշկական օգնություն, ջուր, այս ամենը դրամի էր վերածվում: Արհեստանոցների վարչությունը հսկում ու կառավարում էր, մարշալ Ֆոքս անունով մեկը: Վարչության կողմից կազմվեց ասեղնագործության նմուշների թերթիկ»,-պատմում է մոնրեալաբնակ մուսալեռցին:

 

Հենց այն թերթիկը, որն այսօր գտնվում է Մարի Ջամբազյանի մոտ, այստեղ է ամփոփված ամբողջ պատմությունը. «Թերթիկը գրված է անգլերեն, թերթիկի վրա դրված են նրբահյուս նմուշները, նաև գրված է, որ ապսպրանքները վերը նշված նմուշի՝ սանտրների, ցանցերի մեծապես կգնահատվի արտադրության ղեկավարության կողմից»,-ներկայացնում է Ցեղասպանությունը վերապրած կնոջ թոռնուհին:

 

ԿՈՐՍՏՅԱՆ ՎԱԽԸ

Թերթիկում գրված է նաև, որ եթե ցանկանում եք նման նմուշներ ունենալ, կարող եք գալ և պատվիրել: Վրանաքաղաքի կյանքի մի մասնիկը, իլիկը, որով գործել են այդ նմուշները ու էլի շատ հուշեր, որոնք, սակայն, կարող են կորսվել, եթե քայլեր չձեռնարկվեն դրանք պահպանելու համար, մտահոգվում է կինը: Ցեղասպանության 100-ամյակին, երբ ձեռնարկվեց «100 վերապրած իր» թանգարանի գաղափարը, ուրախությամբ մասնակցեց, ներկայացրեց իր ունեցած նմուշները, բայց կարծում է, որ շատ ավելին է պետք անել, քան թանգարանն է: Միայն ֆիլմը կարող է կենդանի փոխանցել այս հուշերը, կարծում է նա, ավելացնում.

 

Նպատակ ունեմ ուղարկել Հայաստան ու օրերից մի օր հանձնել Մուսա լեռան թանգարանին: Առցանց թանգարանը հիանալի միջոց է, նաև հարցազրույցները, բայց լավ կլիներ, եթե ֆիլմ պատրաստվեր

 

«Չեմ կարծում, որ Կանադայի մեջ մի տեղ կթողնեմ, հակառակ, որ ուզեցին: Տեղացի թանգարանագետ կար, ու ուզեց իրեն տամ, չտվեցի, որովհետև նպատակ ունեմ ուղարկել Հայաստան ու օրերից մի օր հանձնել Մուսա լեռան թանգարանին: Առցանց թանգարանը հիանալի միջոց է, նաև հարցազրույցները, բայց լավ կլիներ, եթե ֆիլմ պատրաստվեր, հիշվեին թվերը: Կարծում եմ՝ սա միակ ձևն է, որ պետք է խոսել ու ֆիլմի վերածել: Եթե ֆիլմ դառնա, պատմվեն ու նկարվի օրիգինալը, այսպիսով կյանք կառնի, կփոխանցվի: Մանավանդ, որ մենք էլ շատ բան կորցրինք, իսկ մեզնից հետո սերունդն այլևս ոչինչ չի իմանա»,-ասում է կանադահայ կինը:

 

Գալիս էին համագյուղացիներ, մորաքույրեր, հորեղբորս կինը, նստում էին քով քովի, սկսում էին Երկրի պատմությունները պատմել, հիշում էին, լաց էին լինում

 

Ամեն ինչ չէ, որ հասցրեցին պահպանել, ցավում է նա, մայրիկի պատմություններն անավարտ մնացին:  «Մայրս շուտ հեռացավ կյանքից, ես դեռ փոքր էի, 13 տարեկան, բայց հասցրեց փոխանցել ինչ որ բաներ, ես էլ հետաքրքրված էի փոքրուց ձեռքի աշխատանքներով: Ես էլ սովորել եմ իմ մորից, առհասարակ մեր մայրերը շատ շնորհալի են, ու փոխանցում էին զավակներին: Մամաս բերում էր նմուշները ու հարցնում էր՝ որն ես ուզում որպես թեզանիք, մանժետ: Գալիս էին համագյուղացիներ, մորաքույրեր, հորեղբորս կինը, նստում էին քով քովի, սկսում էին Երկրի պատմությունները պատմել, հիշում էին այնտեղի օրերը, լաց էին լինում: Ես այն ժամանակ երեխա էի, չէի հասկանում՝ ինչու են լացում, անցան տարիներ, նոր հասկացա, երանի մեծ լինեի, կամ գոնե շուտ չհեռանար»:

ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴԸ ՉԻ ՀԻՇԻ

Այդ դեպքում կհասցներ շատ պատմություններ հիշել ու պահպանել, իսկ հիմա, երբ այլևս հիշողությունները չեն թարմացվում, նոր սերունդն էլ նույնքան ամուր կապված չէ նախնիների հետ, վտանգը մեծանում է: «Ժամանակները փոխվել են, և մենք չենք կարողանում փոխանցել այնպես, ինչպես մեր ծնողները փոխանցեցին, ես ուղղակի պատմում եմ, իսկ մեր ծնողները ապրում էին»,-ասում է մասնագիտությամբ մանկավարժ կինն ու հավելում.

 

Զարգացման դարում 100 տարի հետո ի՞նչ պահանջել

 

«Անշուշտ, կլինեն երիտասարդներ, ովքեր կխորանան այս կամ այն ճյուղի մեջ, բայց ոչ բոլորը, ոչ մեծամասնությունը, եկող սերունդը չեմ կարծում, որ այսքան խորությամբ, զգացումով ու հետաքրքրությամբ փոխանցի, որովհետև մենք էլ տկար ձևով ենք փոխանցում: Հիմա ովքեր որ լծված են այս աշխատանքին, նրանց ուսերին ավելի ծանր բեռ կա, որ կարողանան հասցնել, մեր իմացած քիչը պետք է կարողանանք փոխանցել, իսկ նոր սերունդը ունի իր հոգսերը,  զարգացման դարում 100 տարի հետո ի՞նչ պահանջել», ասում է Մոնրեալի հայ համայնքային կյանքի ակտիվ ներկայացուցիչը:

 

ՄՈՒՍԱԼԵՌՑԻՆԵՐԸ ԱՐԴՅՈ՞Ք ՓՐԿՎԵՑԻՆ

Վերանայելով իր նախնիների անցած ուղին ու ժառանգությունը, որ կա 104-րդ տարելիցի շեմին, Մարի Ջամբազյանը հաճախ հարց է տալիս ինքն իրեն. Բոլորը զոհ գնացին Ցեղասպանությանը, իսկ մուսալեռցիները իրո՞ք փրկվեցին, հասկանում է, որ պատասխանն այնքան էլ դրական չէ: Բացատրում է՝ ինչու.

 

Մեր երկիրը կորա՜վ-գնաց: Մշակույթը ձուլվեց, հողը կորցրիր, տունը կորցրիր, արդյո՞ք սա հաղթանակ էր

 

«Ամենահերոսական ժողովուրդը Մուսալեռն էր, որ 18 զոհ տալով փրկվեցին, բայց հիմա ես մտածում եմ արդյո՞ք փրկվեցին: Այո, մարդիկ փրկվեցին, գնացին ուրիշ տեղեր, ցրվեցին, կորսվեցին, ունեն յուրահատուկ լեզու, իսկ մեր երկիրը կորավ-գնա՜ց: Մշակույթը ձուլվեց, հողը կորցրիր, տունը կորցրիր, արդյո՞ք սա հաղթանակ էր: Դիմադրությունը կարևոր էր, բայց մտածում եմ հիմա՝ դա էլ էր Ցեղասպանություն: Ցեղասպանությունը միայն մարդ սպանելով չէ, նաև մշակույթ սպանելով է, Մուսալեռան լեզուն յուրօրինակ լեզու է, և հիմա խոսող չկա, ինքս հասկանում եմ, բայց չեմ կարող խոսել: Փառք ու պատիվ, որ սերունդները փրկվեցին, բայց մշակույթը կորավ»,-խորը ցավով ասում է Կանադայի Հայ կանանց միության նախկին փոխատենապետուհին: