Home / Canadahye  / Ամերիկահայ հայտնի մասնագետ Երվանդ Զորյանը հայերենի վիրտուալ ուսուցման մասին դասընթաց կվարի Տորոնտոյում

Ամերիկահայ հայտնի մասնագետ Երվանդ Զորյանը հայերենի վիրտուալ ուսուցման մասին դասընթաց կվարի Տորոնտոյում

Տորոնտո (Նորանոր) _ Հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր Երվանդ Զորյանն առաջիկայում ՀԲԸՄ Կանադայի մասնաճյուղում կանադահայ երեխաների ու երիտասարդների համար հանդես կգա ինովացիոն տեխնոլոգիաների կիրառմամբ հայերեն ուսուման մասին շնորհանդեսով: Նախաձեռնությունը ՀԲԸՄ Տորոնտոյի մասնաճյուղինն է, իսկ շահառուները բոլոր նրանք, ովքեր ցանկություն ունեն հայերեն ուսանել՝ անկախ ազգությունից:

 

ԽՈՍԻՆ ՀԱՅԵՐԵՆ

Մասնաճյուղի ատենապետ Սալբի Տեր-Ղազարյանը սա հայերենի ուսուցման ամենահաճելի ու դյուրին միջոցն է համարում: Տեխնոլոգիաները հասանելի են բոլորին, թույլ է տալիս կառավարել սեփական ժամանակը, ըստ այդմ կարող են պլանավորել ու ուսումնառություն ստանալ լայն ցանցի միջոցով, որը կոչվում է  Հայկական վիրտուալ համալսարան և հասանելի է գրեթե բոլոր երկրների հայերին:

 

Ասոնք նոր միջոցներ են՝ դյուրին ձևով կոմպյուտերների միջոցով երեխաներին հաճելի մատուցելու, որպեսզի սովորեն

 

«Բարեգործականը շատ լավ միջոցներ ունի նոր սերնդին հետաքրքիր ձևով հրավիրել, որ հայերեն խոսին, ու ոչ միայն հայերեն, հայերի մասին, պատմության մասին: Այսօր շատ դժվար է երեխաների համար հետաքրքրություն ստեղծել: Ասոնք նոր միջոցներ են՝ դյուրին ձևով կոմպյուտերների միջոցով երեխաներին հաճելի մատուցելու, որպեսզի սովորեն»,-պատմում է Noranor.ca-ի հետ զրույցում:

 

Հայկական վիրտուալ համալսարանը հնարավորություն է ստեղծում սովորել ոչ միայն արևմտահայերեն ու արևելահայերեն, այլև հայոց պատմություն, աշխարհագրություն, հայ մշակույթ ու արվեստ: Այս ամենը յուրացնելու մեթոդներին ծանոթացնելու համար է, որ Կալիֆորնիայից Սինոփսիս Արմենիա ընկերության բարձրագույն մասնագետ Երվանդ Զորյանը, ով նաև ՀԲԸՄ անդամ է, ժամանելու է Տորոնտո, նրան միանում է նաև Լենա Սարգսյանը:

 

ԱՌԱՋԻՆ ԱՅՑԸ ՉԷ

Սա մասնագետների առաջին այցը չէ Տորոնտո, նախկինում ևս ներկայացրել են ծրագիրը, Սալբի Տեր-Ղազարյանը վստահեցնում է, որ լավ արդյունքներ տվել է:

 

«Ասկե մի քանի տարի առաջ նորեն Տորոնտո եկած դոկտոր Զորյանը այն ատեն միայն վիրտուալ համալսարանի մասին խոսեցավ, հիմա դրանից զատ ուրիշ համակարգչային ծրագրեր կբացե, առաջին անգամն է, որ պիտի ներկայացվի Տորոնտոյի մեջ»,-ասում է ՀԲԸՄ Տորոնտոյի մասնաճյուղի ատենապետը: Իսկ թե ինչպիսին են եղել արդյունքները, պատմում է.

 

Երբ կնշանվին, օտարը կուզե հայերեն սովորել, աս ամենալավ միջոցն է

 

«Բավական հետաքրքրություն ստեղծած է, ու ոչ միայն երեխաներու համար են: Հասակավորներու համար էլ են, որ խառնամուսնություններ կըլլան, այն շրջանին, երբ կնշանվին, օտարը կուզե հայերեն սովորել, աս ամենալավ միջոցն է, որովհետև պատկերներով, նոր տեխնոլոգիաների միջոցով պիտի սորվի: Տորոնտոյի Բարեգործականի մեջ ստեղծած էինք այդ ծրագիրը և կսորվցնե հայ հասակավոր անձերու, որ ընդհանրապես օտար են, որ նույն ատեն վիրտուալ համալսարանին կկապվին: Բայց անոնք հայերեն կսորվին թե AVC-ի միջոցով, թե ավանդական մեթոդներով:

 

ՁՈՒԼՈՒՄԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՋԱՆՔԵՐԸ

Ըստ նրա՝ համակարգչային ուսուցումն ավելի դյուրին է: Անկախ մեթոդներից՝ տորոնտոհայ կինը կարծում է, որ եթե չլինեն հայերենի ուսուցմանն ուղղված ջանքերը, լեզուն շատ ավելի արագ կձուլվի:

 

Եթե մայրը չի սովորի, և եթե մեկը չի ուզում հայկական դպրոցներ ղրկե երեխային, այս միջոցները կան

 

«Ջանքը շատ է, որ չենք ուզում հայերենը մոռացվի արտասահմանի մեջ, խառնամութսնություններ կըլլան, որ մայրը հայ չէ, երեխային չի սովորեցնի, երեխային չի խրախուսե, եթե մայրը չի սովորի, և եթե մեկը չի ուզում հայկական դպրոցներ ղրկե երեխային, այս միջոցները կան»,-ասում է միջոցառման կազմակերպիչներից տիկին Սալբին:

 

Իսկ օտարազգի սովորողների մեջ հավասարաչափ կան և աղջիկներ և տղաներ, թեև շատ ավելի կարևոր է մոր իմացությունը. եթե մայրը հայերեն գիտի, ավելի հեշտ է լինում երեխայի համար սովորել լեզուն, կարծում է կինը: