Home / Canadahye  / Կանադահայ խոշոր գործարարը՝ տնտեսական հեղափոխության ու դրա արդյունքում՝ սփյուռքի ներդրումների փոփոխության մասին

Կանադահայ խոշոր գործարարը՝ տնտեսական հեղափոխության ու դրա արդյունքում՝ սփյուռքի ներդրումների փոփոխության մասին

Տորոնտո (Նորանոր) _ Հայաստանում հայտարարված տնտեսական հեղափոխության հիմքում նաև ներդրումների ակտիվացման գաղափարն է: Վարչապետը վստահեցնում է, որ միջազգային ռեյտինգային ընկերություններն իրենց գնահատականներում այնպիսի ցուցանիշներ են ընդգծել, որոնք Հայաստանը կարող են դարձնել ներդրումների համար գրավիչ երկիր: Դրանք, իհարկե, քաղաքական դաշտում ձեռքբերումների հետևանք են, քաղաքական հեղափոխության արդյունքում տեղի ունեցած կոռուպցիոն բացահայտումները, ընտրախախտումների բացակայությունն ու ժողովրդավարությունը, բայց ըստ երկրի ղեկավարի՝ ներդրողը հենց դրանց վրա է հենվում որևէ երկրում ֆինանսական ռեսուրսներ ծախսելիս:

 

Noranor.ca-ի հետ զրույցում այս հայտարարություններին ու ընդհանրապես տնտեսական հեղափոխության գաղափարին է անդրադառնում Հայ-կանադական գործարար խորհրդի անդամ, նախկին նախագահ, կանադահայ գործարար, Metras Shipping ընկերության ղեկավար Վահրամ Փիրջանյանը: Գործարարը դրական է տրամադրված լինելով տնտեսական դաշտում սպասվող փոփոխությունների հանդեպ՝ ներկա կառավարության գործունեության վերաբերյալ քննադատական մոտեցում էլ ունի:

 

ՍՈՒՐԲ ԵՐՐՈՐԴՈՒԹՅԱՆ ՆՄԱՆ

Կառավարության առաջին քայլերից էր Սփյուռքի նախարարության լուծարումը, այնինչ վերջերս կառավարության զեկույցը ներկայացնելիս Նիկոլ Փաշինյանը խոսում էր սփյուռքում մեկ միասնական մարմին ստեղծելու մասին, որի հետ Հայաստանի կառավարությունը կարող է դեմառդեմ գործունեության քաղաքականություն քննարկել: Այս հարցի վերաբերյալ Փիրջանյանը դեռ չի կարող հստակ գնահատական ասել, քանի դեռ գործնական քայլեր չեն կատարվել, այնուամենայնիվ Սփյուռքի նախարարության բացակայությունը լուրջ խնդիր է համարում:

 

Սփյուռքի նախարարությունը  դուրս եկավ, հիմա չգիտենք՝ կա, թե չկա, Սուրբ երրորդության կնմանվի

 

«Ամեն ինչի հավանականությունը կա, բայց դրա գործնական ձևը չկա: Ես անձամբ չեմ լսել առաջարկ դրա համար, խոսակցություններ միշտ կան, բայց քայլ չեմ տեսել: Սփյուռքի նախարարությունը  դուրս եկավ, հիմա չգիտենք՝ կա, թե չկա, Սուրբ երրորդության կնմանվի»,-համեմատում է Վահրամ Փիրջանյանը:

 

ԽՐԱԽՈՒՍԵԼ Է ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ

Նույն մոտեցումը չունի տնտեսական գործընթացների մասին: Մշտապես խրախուսել է երկրում ներդրումները, Հայկական առևտրային ցանցը, որի ղեկավարն է հանդիսանում, կոչով պարբերաբար դիմում է սփյուռքահայերին:

 

Նոր վիճակով ավելի նախընտրությունը ներդրումներինն է, ասպարեզը բաց է

 

«Ամենքս էլ լավատես պիտի լինենք, հնարավորությունները կան, ավելի լավատես ենք: Հայկական առևտրային ցանցի հայտարարություն է եղել, կոչ ենք արել բիզնեսին սփյուռքում, բարեփոխումների համար տեղ կա, բայց դրանով հանդերձ շարունակում ենք լավատես լինենք:  Ներդրումների համար քաջալերում ենք միշտ, որ սփյուռքի գործարարները Հայաստանում ներդրումներն անեն, ու ոչ միայն հեղափոխությունից հետո, բայց նոր վիճակով ավելի նախընտրությունը ներդրումներինն է, ասպարեզը բաց է»,-կարծում է Հայ-կանադական գործարար խորհրդի անդամը:

 

ԱԶԱՏ ՇՈՒԿԱՆ

Ասպարեզը բաց է, քանի որ այդպես վստահեցնում են իշխանությունները, նշում է նա: Լուրջ առավելություն է համարում ազատ շուկայական հարաբերությունների հնարավորությունը: Մենաշնորհներից դաշտն ազատելը կարևոր է: Իսկ արդյո՞ք իրենց կոչին արձագանքողներ կան, ասում է.  «Վստահ եմ, որ կան: Ես կարծում եմ, որ Հայաստանի ԱյԹի սեկտորում մանավանդ շարժում կա: Առայժմ չեմ կարող մատով ցույց տալ, ասեմ այսինչը ներդրում արեց, բայց մենք քաջալերում ենք բիզնեսին, որ շարունակի ներդրումները Հայաստանում: Հիմա, որ ազատ շուկա է, պատճառ չունենք ձեռնպահ մնալու, առաջ եթե խնդիրը կար, հիմա կառավարության ասածով այդ գործը չկա»:

 

Դեռևս հղում է անում կառավարությանը այս մասին խոսելիս, իսկ մի քանի օրից, երբ անձամբ այցելի Հայաստան, այդ ժամանակ, կարծում է, որ իր համար կպարզվի իրական պատկերը:

 

Օրենքներն էլ, որ բավականին փոփոխության են ենթարկվել, հարկային, ֆինանսի տեսակետից փոփոխություն կա

 

Փոփոխություններ են տեղի ունենում Հարկային օրենսգրքում, որոնք ևս, ըստ նրա, կարևոր են: «Գործը պետք է անի, խրախուստի, բայց ներքին օրենքներն էլ, որ բավականին փոփոխության են ենթարկվել, հարկային, ֆինանսի տեսակետից փոփոխություն կա, որ դուրսի բիզնեսմենն էլ կարողանա ներդրումներ անի: Ու ոչ միայն, թե դուրսի, թե ներսի: Միջին և փոքր բիզնենսեր տեղական գետնի վրա պետք է կարողանան աշխատել, որ ներսի ժողովուրդն էլ կարողանա աշխատանք գտնի»,-մոտեցումն է ներկայացնում կանադահայ գործարարը:

 

Իսկ արդյո՞ք համամիտ է ընդդիմության քննադատությունների հետ այն հարցում, որ տնտեսական հեղափոխությունը ռեալ հիմքեր չունի իրականություն դառնալու, քանի որ երկիրը չունի այդքան ֆինանսական ռեսուրսներ, նաև փոփոխությունների պլանն են համարում անիրատեսական: Այս ամենը Փիրջանյանը բնական է համարում, ասում է.

 

Սփյուռքը պետք է համոզված լինի, որ տնտեսությունը առաջադիմություն ունի, հետո ներդրումներ անի

 

«Քննադատությունները միշտ պիտի լինեն: Եթե մենք առողջ ընդդիմություն չունենանք, առաջադիմություն չի լինի: Ընդդիմությունը միշտ պետք է, ինչպես պետք է դեմոկրատիկ երկրներում: Քանի ամիս է, որ ընտրությունները եղան, տեսեք փոփոխությունները որևէ երկրում արագ չի լինում: Սփյուռքի հետ եթե գործ ունենք, սփյուռքը պետք է համոզված լինի, որ տնտեսությունը առաջադիմություն ունի, հետո ներդրումներ անի»,-վստահ է նա: