Home / Canadahye  / Տոնական օրերի ոսկերիզ բաճկոնի պատմությունը, որ Կանադա է հասել Լավալի քաղաքապետական խորհրդի անդամ Արամ Էլակոզի միջոցով

Տոնական օրերի ոսկերիզ բաճկոնի պատմությունը, որ Կանադա է հասել Լավալի քաղաքապետական խորհրդի անդամ Արամ Էլակոզի միջոցով

Մոնրեալ (Նորանոր) _ Հին հայկական տարազներ, զարդեր, գորգեր, հագուստ ու ձեռագրեր… Թեև 104 տարի առաջ տեղի ունեցած Հայոց Ցեղասպանության ժամանակ  շատ ու շատ հայկական արժեքներ ոչնչացվեցին, սակայն բազմաթիվ իրեր էլ պահպանվեցին մեկ դարից ավելի՝ սերունդներին պատմելով ու հիշեցնելով հարյուրամյակ առաջ տեղի ունեցած ողբերգության մասին: Այդպիսի հազարավոր իրեր հասել են նաև Կանադա՝ սերնդեսերունդ, ձեռքից ձեռք փոխանցվելով:

 

4 տարի առաջ մի գաղափար ծնվեց՝ դրանք ամփոփել մեկ հարկի տակ, բայց դա չիրականացավ, փոխարենը որոշվեց Մոնրեալում հայտնված նման իրերի վիրտուալ թանգարան հիմնել, որտեղ յուրաքանչյուր առարկա իր պատմությունն ունի: Դրանց  թվում է նաև Պոլսից արտագաղթած, ներկայում Կանադայում բնակվող Լավալի քաղաքապետական խորհրդի անդամ Արամ Էլակոզի մոտ գտնվող բաճկոնը, որն ավելի քան մեկդարյա պատմություն ունի:

ՁԵՌԱԳՈՐԾ ԲԱՃԿՈՆԸ

Հայկական ձեռագործ բաճկոն, որի հիմքը օգտագործվցում էր 19-րդ դարավերջին, ոսկեթել եզրակարերով ու նախշերով, որոնք օգտագործվել են կրոնական հագուստի ու տարբեր զարդերի ձևավորման նպատակներով: Հագուստի նկարագրությունը հարուստ է, պատմությունը՝ ոչ ամբողջապես փոխանցված սերունդներին:

 

Արամ Էլակոզը, ով պահպանում է մեծ մորից պահպանված արժեքավոր իրը, Noranor.ca-ի հետ զրույցում պատմում է որոշակի տեղեկություններ: Ասում է.

 

Բաճկոնը իմ մեծ մորս՝ Սրբուհի Սարաֆյանի քով է՝ Պոլիս կմնա, որ տարիներ հետո իր միջոցով մայրս՝ Զարուհի Էլակոզ-Սարաֆյանը ինծի տվավ

 

«Մեր ընտանիքին կպատկանի, Հարմոնե Արթինյանը իմ մեծ մորս մեծ մայրն է: Իմ մորս կողմե Գութահիաեն 1923-ին կաքսորվին դեպի Պոլիս: Հոնտեղ կերթա այդ բաճկոն և փաստաթուղթը, որ իրենց Գութահիայի տան փաստաթուղթն է: Մեր ընտանիքին մեկ մասը Արթինյաններ են, որ իմ մեծ մորս ազգանունով է,  կգաղթեն 1940-ականներուն Մարսել: Հոն Հարմոնեն իր թոռնիկին քով կպահե փաստաթուղթը, որովհետև թոռնիկը՝ Սուսաննա Արթինյանը զավակ չունի, ես՝ իբր ազգական խնդրեցի և ինծի տվավ: Իսկ բաճկոնը իմ մեծ մորս՝ Սրբուհի Սարաֆյանի քով է՝ Պոլիս կմնա, որ տարիներ հետո իր միջոցով մայրս՝ Զարուհի Էլակոզ-Սարաֆյանը ինծի տվավ»:

 

ՏՈՆԱԿԱՆ ՕՐԵՐԻ ՀԱԳՈՒՍՏ

Արամ Էլակոզն իր մայրիկի միջոցով փոխանցեց նաև բաճկոնի հետ կապված այլ հուշեր ևս: Մայրը, ով հիմա Պոլսում է ապրում, պատմել է, որ հայտնի չէ, թե ով և երբ է կրել այն: «Դժբախտաբար շատ տեղեկություն չունի մայրս»,-ասում է Էլակոզը, այնուամենայնիվ 1938թ-ին Պոլսում ծնված  Զարուհի Էլակոզ-Սարաֆյանը պատմել է.

 

«Տոնական օրերու կհագներ այս բաճկոնը իմ մեծ մորս մայրը, դա այն շրջանին, երբ իրենք Գութահիա կապրեին»:

 

Բաճկոնին կից փաստաթղթում ներկայացվում է դրա պատմությունը, որտեղ ասվում է.

 

Անշարժ գույքի սեփականության հավաստագիր Արթինյան ընտանիքին էր 1913 թվականեն

 

«Օսմանյան կայսրության անշարժ գույքի օրինական սեփականության հավաստագիր և ձեռագործված թավշյա բաճկոն, որ կգտնվին Լավալ, պարոն Արամ Էլակոզի մոտ, իրեն փոխանցված են իր նախնիներեն, որոնք Ցեղասպանությունեն ազատված են ու ապաստանած Պոլիս: Ձեռագործված բաճկոնը Հերմոնե Արթինյանին էր: Ան ծնած էր Գութանիա, 1869 ու մահացած Մարսել 1944-ին: Անշարժ գույքի սեփականության հավաստագիր Արթինյան ընտանիքին էր 1913 թվականեն»:

 

Հայոց Ցեղասպանության հերթական տարելիցը առիթ է հիշելու ու պատմելու այս իրերից յուրաքանչյուրի պատմությունը, որոնց հետ ճակատագրեր են կապված, հետաքրքիր ու ուշագրավ պատմություններ:

ԱՊՐԻԼՅԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կանադայում առիթներ լինում են անդրադառնալու դրանց, առավելապես հայոց Ցեղասպանության տարելիցի օրերին բազմաթիվ միջոցառումներ են տեղի ունենում, որոնք պլանավորվում են դեռևս ամիսներ առաջ: ոչ միայն քաղաքական, այլև մշակութային, գիտական և այլ իրադարձություններ, որտեղ հիշատակվում են ապրիլքսանչորսյան դեպքերը:

 

Noranor.ca-ը ներկայացնում է նաև արդեն իսկ հայտնի այդ իրադարձությունների շարքից մի քանիսը: